18 հոկտեմբերի 2005 - 16:46 AMT
Սերժ Սարգսյանը գտնում է, որ ժողովուրդն «այո» կասի ՀՀ Սահմանադրության բարեփոխմանը
Հայաստանի Սահմանադրության հանրաքվեի բացասական արդյունքը աղետ չի դառնա, սակայն, «գտնում եմ, որ ընտրողների մասնակցությունը բավականին բարձր կլինի եւ ժողովուրդն «այո» կասի երկրի Հիմնական օրենքի բարեփոխմանը»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Լավ աշխատանքի դեպքում, ընտրողների մասնակցությունը բավականին բարձր կլինի, սակայն արդյունքների մասին խոսելը դեռեւս վաղ է»,-նշել է նախարարը: Նշենք, որ սահմանադրական հանրաքվեն կկայանա ընթացիկ տարվա նոյեմբերին: Անդրադառնալով ԱՄՆ կատարելիք իր այցին` ՀՀ ՊՆ ղեկավարը հայտարարել է.«Չեմ կարծում, որ այցը ԱՄՆ կարող է վճռորոշ նշանակություն ունենալ Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ որեւէ խնդիրներ լուծելու համար»: «Պաշտպանության նախարարի այցը, իհարկե, կարեւոր է, այն կնպաստի ռազմական ոլորտում մեր հարաբերությունների խորացմանը»,-նշել է նախարարը: Ընդ որում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը չի փորձում խորացնել հարաբերությունները ԱՄՆ հետ ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների: «Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ եւ Ռուսաստանի, եւ Միացյալ Նահանգների հետ: Դրանից Հայաստանը եւ հայ ժողովուրդը միայն կշահեն»,-ընդգծել է Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը, հաղորդում է» Ռեգնում» գործակալությունը: