18 հոկտեմբերի 2005 - 16:56 AMT
Սամարայի մարզը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու հարցում
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՌԴ Սամարայի մարզի պատվիրակությանը` նահանգապետ Կոնստանտին Տիտովի գլխավորությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը գոհունակությամբ փաստել է, որ ՌԴ վարչական սուբյեկտների հետ համագործակցությունը հատկապես վերջին շրջանում ակտիվ զարգացում է ապրում: Նշելով, որ Սամարայի մարզը բարեփոխումների առումով Ռուսաստանի առաջատարներից է, Կ.Տիտովն ասել է, որ իրենք «հետաքրքրված են Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ» եւ ունեն փոխգործակցություն լուրջ ներուժ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ զբոսաշրջության, գիտության ու տեխնիկայի, կրթության, մշակույթի եւ այլ բնագավառներում փոխշահավետ համագործակցության հարցերին: Նրանք նշել են, որ 2006թ. Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացումը լավ առիթ է հատկապես հումանիտար կապերի ակտիվացման համար: Կողմերը կարեւորել են նաեւ տեղի հայ համայնքի հնարավորությունների օգտագործման խնդիրը: