18 հոկտեմբերի 2005 - 17:22 AMT
2006 թվականին Հայաստանի ռազմական բյուջեն կկազմի շուրջ 150 մլն դոլար
Հայաստանի 2006 թվականի պետական բյուջեյում պաշտպանական ոլորտի համար նախատեսված ծախսերը կկազմեն շուրջ 150 մլն դոլար: Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի փակ դռների ետեւում անցած նիստից հետո Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զրուցել է լրագրողների հետ: Նախարարի խոսքերով, առաջին անգամ է, որ Հայաստանի ռազմական բյուջեն ձեւավորվել է ոչ թե ելնելով նախորդ տարիների հաշվարկներից, այլ ՀՆԱ տոկոսի համապատասխան: «Հանրապետության պաշտպանության ծախսերի համար կհատկացվի ՀՆԱ-ի 3 տոկոսից ավելին: Որքան շատ լինի ՀՆԱ ծավալը, այնքան շատ գումար մենք կունենանք: Ինչ վերաբերվում է նրան, թե բավարար է այդ գումարը թե ոչ, ապա որքան շատ, այնքան լավ: Ծախսերի այս չափը նվազագույնն է, որով կարող է ապահովվել բանակի մարտունակությունը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով պաշտպանության ոլորտի ֆինանսավորման հնարավորությանը այլ աղբյուրներից` նախարարը հայտարարել է, որ «մենք միշտ ենք ակնկալում ֆինանսավորում այլ աղբյուրներից, եւ որքան շատ լինեն այդ աղբյուրները, այնքան ավելի բարձր կլինի մեր բանակի մարտունակությունը: Չգիտեմ, թե ինչ աղբյուրներ ի նկատի ունենք դուք, ես խոսում են ֆինանսավորման միայն օրինական աղբյուրների մասին»,-նշել է Ս.Սարգսյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի ԶՈՒ տեխնիկական զինմանը: «Ինչպես 2005 թվականին, այնպես էլ 2006-ին մենք ձեռք կբերենք սպառազինության միջոցներ եւ ժամանակակից ռազմական տեխնիկա»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Իր հերթին, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ պաշտպանական բյուջեն ներկայացվել է «մեր հնարավորություններից ելնելով»: «Ընդ որում մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանում տեղի է ունեցել ռազմական ծախսերի կտրուկ աճ»,-ընդգծել է Շահգելդյանը:
Պատասխանելով Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու հավանականության մասին հարցին` Սերժ Սարգսյանը հայտարարել է.«Ցանկացած մարդու համար հաճելի է, երբ իր մասին լավ են խոսում»: Ընդ որում նախարարը ընդգծել է, որ «որեւէ պաշտոն, կամ գործունեություն չեն կարող ինքնանպատակ դառնալ եւ չեն կարող մարդուն մղել այնպիսի քայլերի, որոնք կարող են վնասել նրա հեղինակությանը, երկրի հեղինակությանը»: «Դիմում եմ բոլորին խնդրանքով` մի փորձեք ժամանակից շուտ եզրակացություններ անել, դիմակայություն ստեղծել, միավորներ շնորհել, քանի որ, ի վերջո, կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ խաղացողներ կդառնան բոլորովին այլ մարդիկ, երբ երկրի շահերը կարող են բոլորովին այլ բաներ պահանջել»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: