18 հոկտեմբերի 2005 - 19:03 AMT
ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել Հայաստանը բարգավաճող, կայուն եւ ժողովրդավարական երկիր
«Վաշինգտոնում եկել են այն եզրակացության, որ պատմությունն այս աշխարհամասում սկսել է արագացում ապրել»,- այսօր Երեւանում հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, այս այցը, որի ընթացքում նրանք այցելելու են նաեւ Վրաստան եւ Ադրբեջան, կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հանձնարարությամբ: Դ.Ֆրիդը նշել է, որ այցի ժամկետը պայմանավորված է հիմնականում նրանով, որ «բարեփոխիչ եւ ժողովրդավարական ուժերը այս տարածաշրջանում դառնում են ավելի ուժեղ, բայց, ցավոք սրտի, որոշ երկրներում ակտիվանում են նաեւ ռեակցիոն ուժերը»: «Հայաստանը շատ լավ դիրքում է գտնվում` ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները խորացնելու համար: Միացյալ Նահանգները ցանկանում են տեսնել Հայաստանը հաջողակ, բարգավաճող, կայուն եւ ժողովրդավարական երկիր, որը ապրում է անվտանգ` ինքն իր եւ հարեւանների հետ»,-հայտարարել է Դենիել Ֆրիդը: