19 մարտի 2013 - 15:53 AMT
Արցախում ու ՀՀ սահմանամերձ շրջաններում վերաբնակեցումը պետք է ինտենսիվորեն շարունակել

Արցախի Հանրապետության ազատագրված շրջաններում պետք է ինտենսիվորեն շարունակել վերաբնակեցման քաղաքականությունը: Ազատամարտիկ, «Աջակցություն ինքնորոշված Արցախին» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մկրտիչ Տոնոյանն է պնդում: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասել է, որ Արցախում վերաբնակվելու ցանկությունը պետք է համարվի ոչ թե հերոսություն, այլ` սովորական երևույթ: Բացի այդ Մ. Տոնոյանի կարծիքով անհրաժեշտ է ոչ միայն Արցախի ազատագրված տարածքներում, այլև Հայաստանի սահմանամերձ շրջաններում վերաբնակեցման քաղաքականության շարունակումը:

Արցախի մասով` միայն Քաշաթաղի շրջանում արդեն 23 սիրիահայ ընտանիք է հաստատվել՝ 71 անդամով: Նրանց բնակարաններ կտրամադրի պետությունը:

«Որոշ մասի բնակարաններն արդեն պատրաստ են, մնացածները կառուցման փուլում են», - ասաց Մ. Տոնոյանն ու ավելացրեց, որ իրենց հիմնադրամը սիրիահայերին 6 միլիոն դրամից ավելի ընդհանուր արժեքով կահույք կտրամադրի: Սիրիահայերի որոշ մասը աշխատանքով ապահովված է. կան ավտոմեխանիկներ, մեխանիզատոր, վարորդ-մեխանիկ և այլ մասնագետներ: Նրանց նաև գյուղատնտեսական տեխնիկա կտրամադրվի:

«Աջակցություն ինքնորոշված Արցախին» միությունը ստեղծվել է 1993թ. մարտին Ֆրանսիայում: Արցախյան պատերազմի սկզբից ԱԻԱ-ի անդամները պարտավորվել են բարոյական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախյան պայքարին: Կառույցի հայաստանյան մասնաճյուղը հիմնվել է 2010 թ. Երևանում: Կառույցը բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում: