19 մարտի 2013 - 16:40 AMT
Ն.Փաշինյանը` Տ.Մուկուչյանին. Ձեր դաստիարակությունը հերիքո՞ւմ է, որ ԱԺ ամբիոնից ստեք

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ մայիսի 5-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունները ԿԸՀ-ն կեղծելու է: Այս մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ-ում, երբ ընտրախախտումների և ընտրակեղծիքների վերաբերյալ հարցեր էր ուղղում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով եկել էր ԱԺ 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների մասին հաղորդագրություն ներկայացնելու:

«Դուք կեղծել եք նախագահական ընտրությունները և կեղծելու եք առաջիկա ընտրությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տիգրան Մուկուչյանը, մինչ հարցերին պատասխանելը, ասաց, որ Նիկոլ Փաշինյանն օգտվում է այն հանգամանքից որ իր «դաստիարակությունը թույլ չի տալիս նման ոճով պատասխանել»:

«Իսկ եթե գտնում եք, որ որևէ պետական մարմին համարժեք չի արձագանքել Ձեր ներկայացրած փաստերին, ապա կարող եք հարցը դատական ատյաններում վիճարկել: Ավելին, կոնկրետ ձեր ընտրատարածքի հետ կապված, կոնկրետ այդ հանգամանքներով, կա արդեն քննված գործ: Դուք դիմեցիք նաև ՍԴ, որը կայացրել է վերջնական ակտ, որոնք գնահատական են ներկայացրած բոլոր հանգամանքներին, և դա էլ հիմք է տալիս մեզ ամրագրել այն մոտեցումները, որոնք կան այսօր մեր հայտարարության մեջ»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

«Եթե Ձեզ թվում է, որ շուտասելուկ բառակույտերով տպավորություն եք թողնում, չարաչար սխալվում եք»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև նշեց. «Դաստիարակության մասին եք խոսում. Ձեր դաստիարակությունը հերիքո՞ւմ է, որ ԱԺ ամբիոնից հասարակության առջև ստեք և սուտ փաստեր ներկայացնեք: Ինչի՞ հաշվետվության մեջ չեք գրել, որ մի բնակարանի վրա գրացվել է հարյուրից ավելի ՀՀ քաղաքացի չհանդիսացող մարդ: ՍԴ-ն հարգանքը դեռ պետք է վաստակի, այսօրվա ՍԴ-ն արգահատանքի է արժանի: Ես պատրաստ եմ իմ ասածներն ապացուցել. Եկեք գնանք ցանկացած տեղ`բանավեճ, ցանկացած ֆորմատ»: