Ադրբեջանն Արևելյան Եվրոպայի միակ երկիրն է, որը հետևողականորեն մեծացնում է զենք-զինամթերքի ներկրումը: Այս մասին նշված է Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (ԽՈւՄԻ) փորձագետների ամենամյա զեկույցում:
Նույն զեկույցի տվյալներով 2003-2012 թվականներին Արևելյան Եվրոպայում զենքի ներկրման ծավալներն աճել են 21 տոկոսով, ընդ որում բացառապես Ադրբեջանի հաշվին: «Այդ երկիրը նշված ժամանակահատվածում զենքի ներկրման ծավալներն ավելացրել է 155 տոկոսով», - ընդգծել են ԽՈւՄԻ-ի վերլուծաբանները և ավելացրել.«Ադրբեջանի նման գործողությունների պատճառը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ շարունակվող հակամարտությունն է»:
Ադրբեջանի վերջին գնումների թվում են Aerostar և Hermes-450 տիպի անօդաչու թռչող սարքերը: «Նաև Ադրբեջանն անցած տարի ձեռք է բերել ռուսական արտադրության Ми-24 ռազմական ուղղաթիռներ:Իսկ Հարավաֆրիկյան Հանրապետության լիցենզիայի հիմքով Ադրբեջանի տարածքում արտադրվել են Matador և Marauder տիպի զրահապատ մեքենաները», - նշված է զեկույցում:
РБК-ի փոխանցմամբ վերջին 10 տարում Ադրբեջանը նկատելիորեն առաջ է անեցել զենք ներկրող պետությունների համաշխարհային ցուցակում` 48-ից դառնալով 35-րդը: Սրանից բացի նշվում է նաև, որ Հայաստանի մյուս հարևան Թուրքիան ևս ակտիվորեն նոր զինատեսակներ է ձեռք բերեում, բայց ոչ այն տեմպով, ինչ Ադրբեջանը:
Ավելացնենք, որ մարտին Վրաստանը և Ադրբեջանը ստորագրել են 2013 թվականին ռազմական ոլորտում գործակցության երկկողմ համաձայնագիր: Միաժամանակ Վրաստանի իշխանությունը հայտարարում է, որ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դրա հետ մեկտեղ մտադիր է Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ պահպանել: