23 մարտի 2013 - 14:10 AMT
Ա.Հովհաննիսյան. Պահեստազորայինների` զորավարժություններին մասնակցելը պլանային է

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր մեկանաբանել է արդեն մի քանի օր տարածվող խուճապը, որի պատճառը, ինչպես պարզաբանվում է, պահեստազորայինների` զորավարժությունների մասնակցելն է:

«Բանակում տեղի ունեցող ամեն մի զորավարժություն մանրակրկիտ պլանավորվում է մեկ տարի առաջ՝ օրվա և ժամերի ճշգրտությամբ: Վերջին շրջանում ամեն տարի ՀՀ ԶՈւ-ն անցկացնում են մի քանի նման զորավարժություններ, որոնց այս կամ այն չափով մասնակցում են նաև պահեստազորայինները: Դա պլանային և անհրաժեշտ քայլ է, սակայն դրանք երբեք չեն եղել եռամսյա: Դրանք իրականում մեծ մասշտաբների չեն և տևողությունն էլ ընդամենը մի քանի օր է: Պետք չէ քաղաքականացնել այս ամենը: ՀՀ ՊՆ-ն գործունեությունը ուղղված է ՀՀ անվտանգության ապահովմանը», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Երեկ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, որ այս օրերին պահեստազորի եռամսյա հավաք են սկսել` իրենց շարժման տղաներին զորակոչելու նպատակով:

Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ ինքն էլ կմիանա այդ հավաքին, մեկ ամիս էլ ավելի կմնա, բայց դիմում է պաշտպանության նախարարությանն ու հորդորում, որ պետք չէ նման բաներ անել: