23 մարտի 2013 - 16:35 AMT
Ազնավուրը՝ Թուրքիա այցի մասին. Կգնամ, եթե թուրքերը բացեն սահմանը

Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը ֆրանսիական La Liberté պարբերականին ասել է, որ երազում է Թուրքիա այցի մասին՝ հավելելով, որ կիրականացնի երազանքը միայն այն դեպքում, եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը։

«Թուրքիա այցելելն իմ երազանքն է։ Թուրքերի մասին վատ չեմ արտահայտվել, բայց Ցեղասպանության մասին խոսելիս քույրս ու մտերիմներս ասում են, որ ոչ մի դեպքում չմեկնեմ այնտեղ, քանի որ դրանով ինքս ինձ կսպանեմ»,– ասել է Ազնավուրը, հավելելով, որ կգնա այն դեպքում, եթե թուրքերը համաձայնեն բացել սահմանը, «անգամ եթե Ցեղասպանության ճանաչման հարցը դեռ լուծված չլինի։ Նա նաև նշել է, որ իր թուրք ընկերները բազմիցս հրավիրել են Թուրքիա։

Ազնավուրը նշել է, որ երիտասարդ տարիներին, երբ դեռ նոր էր բեմ բարձրանում, երգել է Ստամբուլում՝ հավելելով, որ «այն ժամանակ թուրքերը պետք է նկատած չլինեին, որ հայ է»։