Մարտի 22-24-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի հետ համատեղ «Հայաստանն առանց տուբերկուլոզի» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերում (Չինարի, Այգեձոր, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես) անցկացրեց անվճար ֆլյուրոգրաֆիկ և այլ բնույթի հետազոտություններ։ Եռօրյա ծրագրի շրջանակներում հետազոտություններ անցան սահմանամերձ գյուղերի ավելի քան 300 բնակիչներ։
ՀԵՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններն իրականացվել են ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած շարժական ֆլյուրոգրաֆիական կենտրոնների միջոցով։
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի անդամ Վազգեն Մկրտչյանը պատմել է, որ իրենց դիմում էին ամենատարբեր խնդիրներով, հատկապես մեծ թիվ էին կազմում սիրտ-անոթային համակարգից գանգատներ ունեցող հիվանդները։ «Սահմանամերձ գյուղերի բնակիչները շատ շոյված էին իրենց նկատմամբ ուշադրությունից։ Կային մարդիկ, ովքեր ասում էին, թե վերջին 5 տարիներին ընդհանրապես բժշկի չեն դիմել ֆինանսական և այլ պատճառներով։ Եվ սա շատ լավ հնարավորություն էր նրանց համար»:
Պետական բժշկական համալսարանի ուսանողները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կազմակերպել են նաև դասընթացներ` տուբերկուլոզ հիվանդության, նրա բուժման և կանխարգելման վերաբերյալ: