25 մարտի 2013 - 15:15 AMT
Վ. Չախալյան. Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը անհեթեթ գնահատականներով է հանդես գալիս

«Օրերս Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը անհեթեթ գնահատականներով է հանդես եկել, անդրադառնալով ջավախահայերի վերաբերյալ իր քաղաքականությանը: Սահակաշվիլիի մեղադրանքներն իմ հասցեին ազատ արձակվելուց հետո նպատակ ունեն հերթական անգամ հաստատելու այն, որ ինձ դատապարտել են բացառապես քաղաքական նկատառումներով, այն բանի համար, որ ես խաղաղ ու օրինական միջոցներով պայքարել եմ հայ բնակչության իրավունքների համար: Սահակաշվիլիի վարքագիծը հերթական անգամ վկայում է, որ նա ձերբակալեց ինձ ազգային փոքրամասնությունների գծով միջազգային պարտավորությունները չկատարելու և ջավախահայերի արդար բողոքը ճնշելու համար»,-ասվում է Վահագն Չախալյանի հայտարարության մեջ:

Ըստ Չախալյանի, տարածելով ապատեղեկատվություն և սուտ՝ Սահակաշվիլին փորձում է թաքցնել այն փաստը, որ իր քաղաքական կուրսը ձախողվել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարցերում: «Իմ ազատ արձակումը Վրաստանի նոր իշխանությունների բարի կամքի դրսևորումն էր, որը, սակայն, պայմանավորված էր ջավախահայերի կոչերով ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հորդորներով: Այս հայտարարությունը, ինչպես Սահակաշվիլիի բոլոր հայտարարությունները, որպես լրացուցիչ ապացույց կուղարկվի ՄԻԵԴ, որտեղ այժմ քննվում է իմ բողոքը»,-ասել է Չախալյանը: