24 հոկտեմբերի 2005 - 18:32 AMT
Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում ԵՄ-ն պետք է անհատական մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուր երկրի հանդեպ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական Միության եռյակին` Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլի գլխավորությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանն եռյակի այցը համարել է հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ Եվրամիության մեծ ուշադրության վկայություն: Կողմերը քննարկել են Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնման հարցը` առանցքային դիտելով Անհատական գործողությունների ծրագրի հաստատումը: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է, որ մի երկրի հետ խնդիրները արգելք հանդիսանան Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ ընդգրկված մյուս պետությունների հետ գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման համար: «Մենք գտնում ենք, որ Եվրամիությունը պետք է նոր հարեւանության քաղաքականության շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր երկրի նկատմամբ ցուցաբերի անհատական մոտեցում»,-շեշտել է երկրի ղեկավարը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին: