25 հոկտեմբերի 2005 - 18:50 AMT
Սփյուռքի աջակցությունը կարեւոր դեր է կատարում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները լուծելու գործում
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խմբին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Խումբը երկշաբաթյա ճանաչողական այցով գտնվում է Հայաստանում եւ արդեն հասցրել է այցելել Հայաստանի մի քանի մարզեր եւ Լեռնային Ղարաբաղ: Ողջունելով ամերիկահայ այդ ազդեցիկ կազմակերպության հոգաբարձուների խմբին` ՀՀ ԱԳ նախարարն ընդհանուր գծերով ներկայացրեց Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը եւ զարգացման հեռանկարները: Վ.Օսկանյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք առաջնային հարցերին: Այդ կապակցությամբ նա դրվատեց Սփյուռքի, մասնավորապես ամերիկահայ համայնքի նյութական, քաղաքական եւ բարոյական աջակցությունը Հայաստանին, որը շոշափելի դեր է խաղում երկրի առջեւ կանգնած խնդիրների լուծման գործում: