Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացել է 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Չեխիա հանդիպման առաջին խաղակեսը:
Առաջին մի քանի րոպեների ընթացքում զգացվում էր թիմերի մեկնարկային լարվածությունը, նրանք երկուստեք սխալվում էին և գնդակ կորցնում:
Մոտ 15 րոպե անց հայերն աստիճանաբար սկսեցին բացվել ու ավելի շատ գրոհել: Վարդան Մինասյանի սաների մոտ ստացվում էր վտանգավոր պահեր ստեղծել Պետեր Չեխի դարպասի մոտ:
Նման գրոհներից մեկի ժամանակ ձախ թևից հիանալի անցում կատարեց Յուրա Մովսիսյանը, նա կենտրոնով գնդակը փոխանցեց Մարկոս Պիզելլիին, որը չկարողացավ կողմնորոշվել և հարվածել:
Այնուհետև անկյունայինի իրացումից հետո հենց ինքը Մովսիսյանը կարող էր աչքի ընկնել, սակայն հուսալի գործեց Չեխը: Նա փրկեց իր թիմին նաև Պիզզելիի հեռահար ուժեղ հարվածից հետո:
Առաջին կեսում երկրպագուներն այդպես էլ գոլեր չտեսան, և այն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: