27 մարտի 2013 - 18:09 AMT
ՀՀ-ն ու Լիտվան կարևորում են արդարադատության ոլորտում համագործակցության հաստատումը

Մարտի 27-ին Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի հետ:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Լիտվայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ` կողմերը կարևորեցին արդարադատության ոլորտում համագործակցության հաստատումը: Դեսպան Այվազյանը առաջարկեց դիտարկել արդարադատության բնագավառում իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, ինչպես նաև 2014թ. ընթացքում փոխայցելությունների կազմակերպումը, ինչը գոհունակությամբ ընդունվեց լիտվական կողմից, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Զրուցակիցները անդրադարձան նաև 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության հարցերին: Նախարար Բեռնատոնիսը տեղեկացրեց, որ Լիտվայի նախագահության ընթացքում` 2013թ. հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում, Լյուքսեմբուրգում կազմակերպվելու է ԵՄ անդամ-պետությունների և Արևելյան գործընկերության երկրների արդարադատության ու ներքին գործերի նախարարների համաժողով` հույս հայտնելով միջոցառման շրջանակներում հանդիպելու իր հայ գործընկերների հետ: Կողմերը քննարկեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: