Այսօր կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել տաքսու վարորդները: Նրանք չեն ցանկանում հրաժարվել դեղին համարանիշներից՝ պատճառաբանելով, որ դա անհավասար դաշտ կստեղծի տաքսու վարորդների համար:
«Ես միշտ էլ ասել եմ, որ դեղին համարանիշներով տաքսու վարորդները համարվում են հանրապետության ամենապարտաճանաչ հարկատուները: Նրանք օրենքով աշխատում են: Ուստի հիմա փորձում ենք օրինական դաշտում գործող վարորդներին օգնել, լուծել նրանց խնդիրները»,- ասել է նրանց հետ հանդիպման եկած Տրանսպորտի և կապի նախարար Գ.Բեգլարյանը:
Նա նշել է նաև, որ ամիսներ առաջ հանդիպել է տաքսու վարորդներին, ովքեր բողոքել էին, որ դեղին համարների պատճառով չեն կարողանում իրենց իսկ սեփական մեքենան այլ նպատակների համար օգտագործել, մասնավորապես, չեն կարողանում կնունք, ծնունդ, հարսանիք և, ամենակարևորը՝ «աղջիկ ուզելու» գնան: «Հիմա մենք այդ խնդիրներին լուծում ենք տալիս, ձեր հոգսը թեթևացնում ենք, բայց դուք էլի բողոքում ե՞ք»,- ասել է Գ.Բեգլարյանը:
Ըստ Գ.Բեգլարյանի՝ այս ակցիաները կազմակերպվում են որոշ ՀԿ-ների կողմից, որոնք աշխատում են տաքսու վարորդների հաշվին. «Երբ զրուցում ես վարորդների հետ, նրանք հասկանում են և շնորհակալ են: Մնացածը շոու է: Այն վարորդները, ովքեր օրենքին չեն տիրապատում, նրանց հաշվին ՀԿ-ների ղեկավարները փորձում են գումարներ աշխատել»:
Հարցին, թե ՀՀ կառավարությունը ինչո՞ւ 6 տարի առաջ տաքսիստներից պահանջեց դեղին համանիշներ հանել և այսօր էլ այլ պահանջներ է ներկայացնում, Գ.Բեգլարյանը նշեց, որ յուրաքանչյուր օրենքի թերությունը նկատվում է այն ժամանակ, երբ սկսում է այն գործել:
«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի կողմից ներկայացվել է տաքսի ծառայության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ առաջարկվում է տաքսիների դեղին համարնիշները փոխարինել ինքնակպչուն կտրոններով, ինչպես նաև վերացնել բուժզննման և տեխզննման գործառույթները: