27 հոկտեմբերի 2005 - 16:59 AMT
ԱՄՆ-ն 6 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 2007-2008 թվականներին ընտրությունների անցկացմանը
«2007 եւ 2008 թվականների ընտրությունները Հայաստանին հնարավորություն կտան հաստատել ժողովրդավարական ճանապարհով զարգանալու իր պատրաստակամությունը »,-հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ ԱՄՆ դեսպանը ներկայացրեց այն միջոցառումների ծրագիրը, որոնք ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին 2007-2008 թթ. ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացման համար: Ամերիկացի դիվանագետը կարեւորել է այն, որ 2007 թվականի խորհրդարանական եւ 2008 թվականի նախագահական ընտրություններն անցնեն արդար եւ թափանցիկ եւ որ այդ ընտրությունները հենց այդպես էլ ընկալվեն թե միջազգային հանրության, թե հայ ընտրողների կողմից: «Այն, որ մենք աջակցում ենք ազատ եւ թափանցիկ ընտրություններին, նորություն չէ, եւ դա վերաբերվում է ընտրությունների բոլոր տեսակներին»,-հայտարարել է դեսպանը: Ջ.Էվանսի խոսքերով, առաջարկված փաթեթում ներկայացված են այն գաղափարները, որոնց օգնությամբ ԱՄՆ-ն ցանկանում է աջակցել Հայաստանին ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցում: «Մենք արդեն քննարկել ենք այդ միջոցառումները Հայաստանի որոշ պաշտոնյաների հետ եւ նրանք տվել են իրենց դրական գնահատականը»,-հաղորդել է նա: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ միջոցառումների փաթեթը ստացել է ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը եւ այդ միջոցառումների իրականացման համար հատկացվել է 6 մլն դոլար: Դեսպանը ավելացրել է, որ 2006 թվականին կկայանան նաեւ ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները, եւ «մենք կցանկանայինք օգտագործել այս փաստը կիսելու համար մեր փորձը Հայաստանի քաղաքական կուսակցությունների, ԶԼՄ-ների եւ ընտրական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»: