28 մարտի 2013 - 18:30 AMT
Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետել է ոտնլվայի արարողությունը

Մարտի 28-ին` Ավագ հինգշաբթի օրը, Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետել է ոտնլվայի արարողությունը:

Արարողության ընթացքում ընթերցվել են Ս. Գրքից հատվածներ, ապա Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատը, որից հետո Նորին Սրբությունը խաչով ու Ավետարանով օրհնել է խորանի վրա դրված ջուրը և յուղը:

Ապա, մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծունկի է եկել և շարականների երգեցողության ներքո լվաց ել ու յուղով օծել է տասներկու անձանց ոտքերը:

Նրանց թվում էին եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, սարկավագներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի աշակերտներ, զինվորներ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխա: