Հայաստանն ու Ադրբեջանն այս տարի հազիվ թե համաձայնության գան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, իսկ տարածաշրջանում պատերազմի վտանգը նախկինի պես առկա է: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նա Փարիզում է` ֆրանսահայ ներդրողների հետ հանդիպելու նպատակով:
«Եթե մենք կարողանանք տարին խաղաղ փակել, ապա դա կառուցողական կլինի, բայց ես լավատես չեմ այս տարի հակամարտության վերջնական կարգավորման հարցում», - ասել է վարչապետը:
Գործակալության թղթակիցը հոդվածում նշել է, որ 1994 թվականին հրադադարը կնքվեց, բայց խաղաղություն չհաստատվեց. դեռևս շարունակվում են բռնությունների բռնկումները շփման գծի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով: Իսկ նավթ արտահանող Ադրբեջանը պարբերաբար սպառնում է ուժով վերցնել վիճարկվող տարածքները, և միևնույն ժամանակ խոսում է դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծելու պատրաստակամության մասին: Նշվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության պայմանագրերի մասին, համապատասխանաբար ՌԴ և Թուրքիայի հետ, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Եվրոպա գազ ու նավթ արտահանող խողովակաշարերի անվտանգության և գերտերությունների ռազմավարական շահերի մասին:
«Թե Ղարաբաղը, թե Ադրբեջանը չեն շահի պատերազմից, կարծում եմ` կողմերից որևը մեկը չի կարողանա լիակատար հաղթանակ ապահովել, բայց չենք կարող բացառել դա», - ասել է Արայիկ Հարությունյանն ու վերահաստատել առաջինը չհարվածելու Արցախի դիրքորոշումը
«Կարծում եմ նոր պատերազմը մեծամասշտաբ հումանիտար ճգնաժամի կհանգեցնի և չափազանց արյունոտ կլինի, հարյուր-հազարավոր սպանվածներ կլինեն ու հսկայական կորուստներ` վերջին տարիներին գրանցված սպառազինությունների մրցավազքի պայմաններում», - ասել է վարչապետը:
Գործակալությունը տեղեկացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացիկ բանակցությունների մասին, որոնք մինչ օրս անարդյունք են, և հույս հայտնում, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրումը կարող է նոր լիցք հաղորդել հակամարտության կարգավորմանը:
Բայց, 1991-94 թվականների պատերազմական գործողություններին մասնակցած Արցախի վարչապետի խոսքով, հասարակական կարծիքը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ևս պատրաստ չէ ընկալելու փոխզիջումը, ինչն ավելի է բարդացնում նախագահների վիճակը` հանգուցալուծման որևէ տարբերակ ընդունելիս:
Ֆրանսիական պարբերականներից Le Monde-ին տված հարցազրությում վարչապետը խոսել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի մասին ու ինչպես նրա խոսքն է մեջբերում պարբերականը, Երևանի և Ստեփանակերտի միջև առաջին չվերթը կարող է կայանալ այս գարնանը:
«Ստեփանակերտի օդանավակայանի հարցը պետք է լուծվի մարդկային տեսանկյունից և ոչ թե քաղաքական, քանզի մարդիկ ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն ինչպես ցամաքով, այնպես էլ օդային ճանապարհով»,-ասել է Հարությունյանը: Le Monde-ն անդրադաձել է նաև Սերժ Սարգսյանի խոսքին, նշելով, որ ծագումով Արցախից նախագահը հայտարարել է` Ստեփանակերտ-Երևան քաղաքացիական չվերթներ իրականացվելու են: Մինչդեռ Ադրբեջանը համառորեն ընդդիմանում է օդային տարածքով հաղորդակցության իրականացմանը` սպառնալով հարվածել քաղաքացիական ինքնաթիռներին: «Եթե Ադրբեջանը կրակ բացի, դա նոր պատերազմ կլինի»,-ասել է Արցախի վարչապետը` ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից օդուժի կիրառումը համարժեք պատասխան կստանա, քանի որ ԼՂՀ-ն հակաօդային պաշտպանության համակարգեր ունի: