
2012 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մի շարք դիմումներ է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, որոնց արդյունքում վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով այլևս չի կարող ձերբակալվել և պահվել ընդհուպ մինչև 10 օր, անձիք կարող են ստանալ արտերկրում գործող նոտարի կողմից հաստատված լիազորագիր` կենսաթոշակ ստանալու նպատակով, կազմակերպությունները կարող են արդյունավետ բողոքարկել ֆինանսական հաշտարարի որոշումները դատարանում, հարկային արգելանքի ինստիտուտը կարող է կիրառվել միայն այլ միջոցների սպառման դեպքում, կանխարգելվեցին անձի իրավական վիճակը ծանրացնող դրույթների հետադարձ ուժի կիրառումը, ինչպես նաև անձանց դատարան դիմելու իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ դեպքերը:
2012 թվականին Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված շուրջ 60 օրենսդրական առաջարկություն, որոնք մեծամասամբ ընդունվել են նախագծերի հեղինակների կողմից:
Օմբուդսմենը ներկայացրել է նաև 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները և խնդիրները հատուկ արտահերթ զեկույցով: Առանձին զեկույցներ են ներկայացվել նաև ՀՀ-ում Խոշտանգումների դեմ կոնվենցիայի իմպլեմենտացիայի վերաբերյալ, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ-ի կողմից Երեխաների իրավունքների կոնվենցիայի իրականացման վերաբերյալ: