
Մարդու իրավունքների պաշտպանը լիազորություն չունի խառնվել դատարաններում քննվող գործերին և դրանց գնահատականներ տալ: Իր լիազորություններիի սահմաններն այսօր ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ նշել է Կարեն Անդրեասյանն ու ավելացրել, որ փոխարենը դատական համակարգը մանրադիտակի տակ է պահելու:Այսօր նա ներկայացրել է 2012 թվականի իր զեկույցը, իսկ մինչ այս հրապարակված սեղմագրերի արձագանքի մասին նշել է` ամենակոշտը դատական դեպարտամենտի պատասխանն է եղել, ինչպես նաև ՊԵԿ-ի և ՏՄՊՊՀ-ի պատասխանները: «Հայաստանում կա երկու լուրջ խնդիր, դա հացի և արդարության խնդիրն է»,-ասել է Կարեն Անդրեասյանն ու տեղեկացրել, որ արդեն հանձնարարվել է պաշտպանի գրասենյակի համապատասխան աշխատողին քննել, ուսումնասիրել արդեն ավարտված գործերը և դրանց վերաբերյալ եզրակացություններ կազմել:
Հարցին, թե դատական համակարգի արձագանքից հետո Կարեն Անդրեասյանն արդյոք թշնամանքով է լցվել և այս քայլը դրա պատասխանն է լինելու, ՄԻՊ-ը պատասխանել է, որ իրենք որևէ մեկի նկատմամբ թշնամանք չունեն:
Կարեն Անդրեասյանը շարունակել է ներկայացներ իր 136 էջից կազմված զեկույցը, որում անդրադարձ կա 22 պետական մարմիննների աշխատանքին, որոնք այս կամ այն կերպ ազդում են հասարակության իրավունքների պաշտպանության վրա: ՄԻՊ-ը առանձնացրել է 148 համակարգային խնդիր, որոնք ազդում են բոլորի վրա:
«Հիմա արդարադատության նախարարությունը մշակում է գործողությունների ծրագիր, որը պետք է ներառի այս բոլոր խնդիրները: Թե որքանով լավը կլինի այդ ծրագիրը, մենք առաջիկայում կասենք»,- ասել է նա:
Իսկ նախագահական ընտրությունների մասին զեկույցը ևս պատրաստ է: Այն կհրապարակվի ապրլիլի 2-ին, Գյումրիում ՄԻՊ գրասենյակի բացման մեկ տարվա միջոցառմանը: «Այնտեղ կհրապարակվի արտահերթ ընտրական զեկույցը, և հաշվետվություն, ինչ խնդիրներ ենք տեսել նախագահական ընտրությունների ժամանակ»,- ասել է Կ. Անդրեասյանը: