
Մարտի 25-ին Գյումրիում 5-րդ անգամ նշվել է Խոսքի ազատության օրը: Այդ առթիվ տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով հանրությունից ստացված ավելի քան 40 առաջարկ, պարգևատրել է մի խումբ լրագրողների, հասարակական գործիչների և լրատվամիջոցների:
Իրավապաշտպանական թեմաները և, մասնավորապես՝ ցմահ դատապարտվածների խնդիրների լուսաբանման համար պարգևատրվել է` լրագրող Զարուհի Մեջլումյանը, քաղաքացիական ակտիվ դիրքորոշման և հրապարակախոսության համար` հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, օպերատիվ, բարձրակարգ ֆոտոլրագրության համար` PanARMENIAN.Net լրատվական գործակալության PanARMENIAN Photo ծառայությանը, հետաքննական լրագրության, մասնավորապես, պաշտոնյաների հայտարարագրերի վերլուծություններով հրապարակումների շարքի համար` լրագրող Գրիշա Բալասանյանը:
Հայկական Կարիտասի որոշմամբ պարգևատրել է «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ին պատկանող www.shirakcentre.org կայքը` սոցիալական թեմաները լուսաբանելու համար, որոնց արդյունքում անցած 2 տարվա ընթացքում 13 բնակարան և մոտ 100 մլն դրամի հագուստ, սնունդ, վառելիք, թոշակ է տրամադրվել Գյումրու անօթևան և կարիքավոր ընտանիքներին:
Հայ Կաթողիկե Եկեղեցու որոշմամբ պարգևատրել է լրագրող Սառա Խոջոյանը` կրոնական խնդիրները լուսաբանելու համար, իսկ Սախարովի անվան իրավապաշտպան կենտրոնի Շիրակի մասնաճյուղը և Հայ Ավետարանական եկեղեցին հատուկ պարգևներ են շնորհել Լենա Նազարյանին` հասարակական գործունեության, մի շարք քաղաքացիական նախաձեռություններում ակտիվորեն մասնակցելու համար: Հաղթողները նաև պարգևատրվել են. նրանց են շնորհվել գյումրեցի գեղանկարիչ Սամվել Գալստյանի աշխատանքներից մի քանիսը, ֆոտոխցիկներ, և այլ հուշանվերներ: Հաջորդ Խոսքի ազատության օրը նույնպես կնշվի Գյումրիում՝ 2014 թ. մարտի 25-ին: