29 մարտի 2013 - 16:20 AMT
Թուրքիայի իշխանությունները հետաձգում են Վան-Երևան-Վան չվերթի բացումը անորոշ ժամանակով

Թուրքիայի Քաղավիացիայի վարչությունը նախօրեին կարգադրել է թուրքական Borajet ավիափոխադրողին հետաձգել Վան-Երևան-Վան չվերթի բացումը անորոշ ժամանակով՝ մինչ նոր կարգադրություն: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել հայկական զբոսաշրջային Narekavan Tour ընկերության տնօրեն Աշոտ Սողոմոնյանը:

Վան-Երևան-Վան չվերթի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 14-ին Երևանում երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարների, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատան, «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»–ի,Եվրամիության հայաստանյան առաքելության և այլ կազմակերպությունների մասնակցությամբ: 1000կմ ցամաքային ճանապարհի փոխարեն, որը 20 ժամ է պահանջում, այսուհետ հնարավոր կլինի 40 րոպեում հասնել Վան ATR 72-500 եվրոպական արտադրության ինքնաթիռով, որը 68 տեղ ունի:

Ինչ վերաբերում է վիզաներին, ապա հայաստանցի ուղևորները պետք է այն ստանային Վանի օդանավակայանում 15 դոլարով, միաժամանակ, Վանից Հայաստան ժամանողները կկարողանային վիզաներ ստանալ «Զվարթնոց» օդանավակայանում՝ վճարելով 3000 դրամ և մնալ այստեղ 15 օր: Առաջին չվերթը նախատեսված էր ապրիլի 3-ին: