29 մարտի 2013 - 16:05 AMT
Վ. Տատրեան. Թուրքերի ոճիրը հենց թուրքական արխիվների վավերագրերն են ապացուցում

Թուրքական պետական, գերմանական ու ավստրիական արխիվներ և Օսմանյան Թուրքիայում աշխատած դեսպանների վկայություններ. սրանք Թուրքիայի ուրացման դեմ ապացույցներ ձեռք բերելու ամենաարդյունավետ աղբյուրներն են: Վահագն Տատրեանը` ամերիկահայ գիտնական, Զորյան ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, հենց այս աղբյուրներից ձեռք բերված նյութերով է պայքարում Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ: Նա զրուցել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ, պատմել իր ու պայքարի իր մեթոդների մասին:

«Ցեղասպանության անպատիժ մնացած պատասխանատուների իրավահաջորդ Թուրքիայի կառավարությունը պետք է ամբաստանվի, աշխարհի դատաստանին ներկայացվի: Սա իմ կյանքի նվիրական գործն է, որովհետև ոճրագործը դեռ ուրանում է», - ասում է գիտնականը:

Օգտագործելով թուրքերեն լեզվի հմտությունները` նա արդեն 30 տարի բազմաթիվ փաստեր է ձեռք բերում հենց Թուրքիայի կառավարության աղբյուրներից, որոնք հատոր առ հատոր ներկայացնում է հանրությանը` իբրև ոճրի անդրժելի ապացույց:

«Թուրքերն ասում են մեր ամենամեծ թշնամին ոչ Հայաստանի կառավարությունն է, ոչ էլ սփյուռքը, Վահագն Տատրեանն է: Ինձ «էրմենի քոփակ» են ասում` «հայ շուն»», - պատմում է պրոֆեսորը, - «Ես ուղղակի իմ համեստ նպաստն եմ բերում մեր նահատակների հիշատակին: Թուրքիայում եմ ծնվել ու մեծացել, նրանց լեզվին գերազանց տիրապետում եմ: Դա իմ գլխավոր զենքն է»:

Եվ այդ զենքով նա գտել և հրապարակել է, ինչպես ինքն է ձևակերպում, Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու ամենաարմատական միջոցը` իրենց իսկ պետական արխիվների վավերագրերը: «Թուրքերի նախահայրերն ընդունել են հայերի ցեղասպանությունը: Եվ դրա ապացույցն այն է, որ նրանք 1-ին աշխարհամարտից հետո դատ կազմակերպեցին և նույնիսկ հատուցումի հարց բարձրացավ, բայց այդ տարիներին իրադարձություններն այլ ընթացք ստացան»,- հիշում է Վ. Տատրեանն ու ավելացնում, որ այդ դատավարությունների վավերագրերն այսօր կարևոր ապացույցն են ու հակառակը պնդելու թուրքերի փորձերը կշիռ չունեն, քանի որ մինչև դատարան մտնելը դրանցից յուրաքանչյուրի վավերականությունը հաստատվել է:

«Այն ժամանակ նրանք տրամադրված էին հանցանքն ընդունել և կարճ ժամանակում թուրքական դատարանները շատ վավերագիրներ երևան հանեցին: Հիմա ես այդ փաստերն եմ հավաքում ու հրապարակում, որովհետև մինչև այժմ այդ մասին որևէ հրատարակում չկա», - ասում է Վ. Տատրեանը: Նա թուրքականից բացի նաև գերմանական և ավստրիական արխիվներն է ուսումնասիրում:

«1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան և Ավստրիան Թուրքիայի դաշնակիցն էին և այս պատճառով նրանց արխիվներն անգլիական, ամերիկայն, ֆրանսիական արխիվենրից կարևոր են»: Գիտնականը պատմում է, որ երբ դեռ ուսանող էր Գերմանիայում, 18 անգամ այցելել է գերմանական պետական արխիվներ:

Արդյունքում հարյուրավոր ապացույցներ է գտել այն մասին, որ հայոց ցեղասպանությունը կանխամտածված էր, ծրագրված: «Սա շատ կարևոր փաստ է: Պետական ոճրի խնդիր կա այստեղ, որովհետև հենց թուրքական բանակն է մասնակցել ոճրի իրագործմանը: Փաստեր ունեմ նաև այն մասին, որ հայ երեխաներին, կանանց, ծերերին սպանելու, վայրագությունների համար թուրքական բանտերից ամենածանր հանցանքները գործածներն են ազատ արձակվել: Նորմալ մարդը չէր կարող այդպիսի դաժանությամբ սպանել: Նրանց վայրագությունը սահմաններ չէր ճանաչում, իսկ հայ տղամարդիկ զինվորագրված էին` նրանց ընտանիքներն անպաշտպան», - հիշում է Վ. Տատրեանը:

Բայց ապացույցների ծանրությունն էլ Թուրքիային չի ստիպում ճանաչել ոճիրը, իսկ ուրանալն ուժի հետևանք է: «Զորավորը երբեք իր հանցանքը չի խոստովանի: Եվ Թուրքիան կշարունակի ուրանալ: Իմ միակ հույսը ներքին խռովություններն են` քաղաքացիական պատերազմը», - եզրափակում է գիտնականը: