
Հայկական բոլոր` թե եկեղեցական, թե ժողովրդական տոներն ունեցել են սննդի հատուկ համակարգ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշել է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ու ավելացրել.«Ցավոք սրտի, ծիսական կերակուրները դուրս են մղվում մեր սեղաններից»:
Նրա խոսքով` Զատկի սեղանի խորհրդանիշ հանդիսացող ուտելիքներից մեկն ածիկն է, որը մարմնավորում է մեռնող և հարություն առնող բնությունը: «Ածիկը առողջական բացառիկ հատկանիշ ունի», - ասել է խոհարարը: Զատկի տոնական սեղանին դրվում են տարատեսակ կերակուրներ կանաչեղենից և սոխից, գլխավոր ուտեստներից մեկը` բրնձով փլավը հայկական խոհանոցում ավելի անվանվում է «քաշովի»: Ս.Մամուլյանի խոսքով` լայն տարածում ունեն քաշովիների տաբեր տեսակներ` բլղուրից եւ կորկոտից` չրերի համադրմամբ: Զատկի սեղանին դրվող աղանդերի թվում են գաթան, փախլավան, բայց ոչ արտասահմանյան արտադրության դոնդողանման քաղցրավենիքները:
«Մենք միշտ նշում ենք, որ ձուկը պետք է դրվի տոնական սեղանին խաշված վիճակում, ինչը դոգմա է դարձել, մինչդեռ մենք կարող ենք պատրաստել ձկից տարատեսած խորտիկներ` կուտափ, կուպատի»,- խորհուրդ է տվել խոհարարը, իսկ Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը նշել է, որ ձուն պետք է ներկվի բացառապես կարմիր գույնով, ինչը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար:
Նրա խոսքով` մարդիկ ուտելքի մեջ չպետք է միայն տոնի խորհուրդը տեսնեն և Մեծ պահքի շրջանում չմտածեն միայն այն մասին, թե ինչ պետք է ուտեն կամ չուտեն: «Կարևոր է հոգևոր պահքի իմաստը», - նշել է քահանան: