29 մարտի 2013 - 17:55 AMT
Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Կովկաս շինարարություն և վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսի բացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված տասներորդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կովկաս շինարարություն և վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսի բացմանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Ավանդական դարձած ամենամյա ցուցահանդեսի նպատակն է խթանել մասնակից կազմակերպությունների գործնական կապերի հաստատմանը, իրացման նոր շուկաների որոնմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրումների գրավմանը, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը։

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 60 տեղական և արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ այդ թվում՝ Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են նաև բանկային ընկերությունները՝ ներկայացնելով հիփոթեքային, բնակարանների վերանորոգման վարկավորման և բանկային այլ ծառայություններ:

Բացման արարողությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ոլորտի մի քանի տասնյակ ընկերությունների արտադրանքի նմուշներին։