29 մարտի 2013 - 17:45 AMT
ՀՍՆՀ ռազմավարության մշակման համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին եւ ՀԲ երեւանյան գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման հեռանկարների, հետագա գործունեության մոդելների, մեխանիզմների եւ ուղղությունների հետ կապված հարցեր: Փոխվարչապետն այդ կապակցությամբ ներկայացրեց իր մոտեցումները` մասնավորապես հիմնադրամի գործունեության հնարավոր ուղղություններից նշելով ՏԻ համակարգում առաջիկայում նախատեսվող բարեփոխումների օժանդակությունը, համայնքների զարգացման, համայնքների կողմից որակյալ ծառայությունների մատուցման աջակցությունը, ինչպես նաեւ գործունեության մեխանիզմների առանձնահատկության պահպանումը: Նա մասնավորապես կարեւորեց ՀՍՆՀ-ի կողմից համայնքներում իրականացվող ծրագրերը տեղերում քննարկելու եւ համայնքի համաֆինանսավորման մեխանիզմի առկայությունը, ինչը հնարավորություն է ընձեռում համայնքին եւս մասնակցություն ունենալ ծրագրերի իրականացմանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՍՆՀ հետագա գործունեության ռազմավարության մշակման համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ: Փոխվարչապետը ողջունեց նաեւ ՀԲ ներկայացուցիչների` այդ աշխատանքներում մասնագետ խորհրդատուի ներգրավման առաջարկը: