
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը ներկայացրել են, որ մարզերում գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության նվազման միտում է նկատվում։ Նրանք մանրամասն տեղեկատվություն են տվել գրիպի սեզոնի ընթացքում մարզային ենթակայության բուժհաստատություններում իրականացված աշխատանքների, ինչպես նաև կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով ապահովվածության մասին։
Նշելով, թե նախարարությունն այս տարի ինչ աշխատանքներ է տանում այդ դեղերի ավելի մեծ ապահովվածության հասնելու ուղղությամբ, նախարարը հանձնարարել է տեղերում հետևողական լինել դրանք շահառուներին ժամանակին հասցնելու, ինչպես նաև մարզային ենթակայության բուժհաստատություններում դեղերի գնման գործընթացների ճիշտ կազմակերպման գործում։ Իսկ նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնին հանձնարարել է մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ, ըստ առանձին դեղերի, մեկ անգամ ևս հստակեցնել մարզերում առկա պահանջարկը։
Խորհրդակցության ընթացքում Դերենիկ Դումանյանը խնդիր է դրել արտոնյալ պայմաններում տրամադրվող դեղերի հատկացման նոր, ավելի արդյունավետ հայեցակարգ մշակել, որով կդյուրացվի հատկապես հեռավոր վայրերի բնակիչների այժմյան հարցը։
Նախարար Դումանյանը դրական է գնահատել Երևանի առաջատար մասնագետների կողմից իրենց կցված մարզային բուժհաստատություններում իրականացված խորհրդատվությունների և մասնագիտական օգնությունների արդյունքները և հանձնարարել է գործընթացը ողջ տարվա ընթացքում շարունակելու նպատակով ներկայացնել ժամանակացույց։