30 մարտի 2013 - 13:25 AMT
Ժամանակն է, որ Ադրբեջանը դադարեցնի նոր բաժանարար գծեր ստեղծելու իր անհեռանկար քաղաքականությունը

Օրինաչափ է, որ հակաժողովրդավարական գաղափարախոսությամբ առաջնորդվող երկրի արտգործնախարարը չի հասկանում, որ ժամանակակից աշխարհում ինչ-որ մեկի հետի փոխարեն, ինչ-որ մեկի դեմ բարեկամություն անելն անհեռատեսական է: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Բաթումում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ եռակողմ համագործակցությունը որպես Հայաստանի դեմ ուղղված ուղերձ ներկայացնելու Էլմար Մամեդյարովի փորձը:

«Վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը դադարեցնի նոր բաժանարար գծեր ստեղծելու իր անհեռանկար քաղաքականությունը, որի նպատակն է ժառանգական ավտորիտար իշխանության պահպանումը»,-ասել է Շավարշ Քոչարյանը: