30 մարտի 2013 - 14:34 AMT
Յաիր Աուրոն. Քնեսեթից առաջ Իսրայելում հասարակությունն է պատրաստ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Ես չեմ բացառում մոտ ապագայում Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությունը», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Յաիր Աուրոնը: Նա հիմնավորել է.«Դրա համար բավական հիմք են ստեղծում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, Թուրքիայի հետ խնդիրները և, իհարկե, որովհետև Հոլոքոստ տեսած Իսրայելի կառավարությունն է: Այնտեղ շատերի համար է կարևոր Ցեղասպանություն և Հոլոքոստ եզրույթների ընդհանրությունը»:

Պատմաբանը նշում է, որ Կառավարությունից առաջ Իսրայելում հասարակությունն է պատրաստ դրան: Հայոց ցեղասպանության մասին նրանց գիտելիքները, հետևաբար, հայացքներն են փոխվում: Իսկ գիտելիքների մասով հենց Յաիր Աուրոն է անգնահատելի աշխատանք կատարել: Նրա նախաձեռնությամբ է Իսրայելի բաց համալսարանում Հայոց ցեղասպանություն մասին 2 դասընթաց սկսվել: Առաջին տարվա 10 ուսանողի փոխարեն, հարցնում է PanARMENIAN.Net-ի թղթակցին.

- Հաջորդ տարի քանի՞սը եկած կլինեն:

- 30՞:

- Ավելի շատ: 100: Իսկ հիմա՞:

- Կրկնակի՞ն:

-1500: Այո, իսկապես անհավատալի է: Բայց Իսրայելիում հասարակությունը հակված է ճանաչել Ցեղասպանությունը նաև մեկ այլ պատճառով` ընդամենը Թուրքիային վնասելու համար, - ասում է գիտնականն ու ավելացնում, որ այս շրջանում, երբ հարաբերությունները լարված են, վերջինը բացասական պատճառ է համարում:

Պատմաբանը նշում է նաև, որ. «Արդեն մի քանի տարի է հարցն Իսրայելի Քնեսեթում է քննարկվում, հենց հիշատակի օրերին, բայց երկակի ստանդարտներ են կիրառվում` Իսրայելի իշխանությունները շարունակում են Հոլոքոստի ժխտման դեմ պայքարը, բայց Ցեղասպանությունը չեն ճանաչում: 5 անգամ առաջարկները մերժվել են»:

Այնուամենայնիվ, այս անգամ կարծես թե իրերն այլ կերպ են դասավորվում: «Առաջին ձեռքբերումն այն էր, որ այս տարի, ի տարբերություն նախորդների, հարցը չի քննարկվում Անվտանգության կոմիտեում, որտեղ քննարկումները փակ են ու մենք չէինք կարողանա հետևել դրանց ընթացքին», - նշում է պրոֆեսորն ու ավելացնում, որ ինքն էլ մեզ պես անհամբեր նորությունների է սպասում: