2 ապրիլի 2013 - 17:14 AMT
Ալեքսանդր Վասյակ. Թուրքիան Ադրբեջանի համար չի կռվի

Ոչ ոք չի կարող բացել առաջիկա գործողությունների ծրագրերն ու մնում է միայն գնահատել առանձին ուղղությունների առավելություններն ու թերությունները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Ալեքսանդր Վասյակը՝ մեկնաբանելով որոշ փորձագետների այն կարծիքը, որ Ադրբեջանի ԶՈւ հանկարծակի գրոհը Տերտերի ուղղությամբ ԼՂՀ ՊԲ դիրքերի վրա ամենաընդունելին կլիներ ադրբեջանական կողմի համար:

«Տեղանքը հարմար չէ գործողության անցկացման համար. բոլոր իշխող բարձունքներն ու լեռները հակառակորդի ձեռքում են, կան բնական արգելքներ՝ Տերտեր-չայի գետն ու ոռոգման կանալները, թույլ է զարգացած ճանապարհային ցանցը, տարհանման ու մոտեցման ուղիները, Գերանբոյի, Տերտերի ու Բարդինի շրջանների ենթակառուցվածքները լիովին չեն ապահավում ոչնչացման միջոցների, ցամաքային զորքերի ու ուժերի կիրառումը»,-ասել է նա:

Վասյակը նշել է, որ կան նաև բազում այլ գործոններ, ինչպիսին է օրինակ հանկարծահաս գրոհի թաքցնումը: «Մեր զորքերն այդ ուղղությամբ, ինչպես ասում են, ոնց որ «հակառակորդի ափի մեջ լինեն»: Սակայն, կրկնեմ, վերջին հաշվով, ամեն ինչ կախված կլինի հրամանատարությունից: Պատերազմների պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ հարված հասցնելու համար ընտրվել է ամենաանբարենպաստ ուղղությունը, ժամանակն ու վայրը»,-ասել է Ադրբեջանի ԶՈւ գեներալը:

Վասյակը նաև նշել է, որ գերտերություններն ու համաշխարհային հանրությունը ոչ ոքի թույլ չի տա երկար պատերազմել. 2-3 շաբաթ, առավելագույնը 1,5 ամիս»,-ասել է Ադրբեջանի ԶՈւ գեներալը: Ինչ վերաբերում է համատեղ թուրք-ադրբեջանական ռազմակայանների բացման վերաբերյալ լուրերին, ապա գեներալը հիշեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի խոսքերն այն մասին, որ ՆՏԱՕ-ի ընդլայնում դեպի Արևելք չի լինելու: «Ինքը Թուրքիան ևս, նրա գլխավոր շտաբը չի ծրագրում ընդհանուր ռազմակայանների ստեղծում: Թուրքիան, ինչպես հայտնի է, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Եվ, ընդհանրապես, ամեն ինչ այդքան պարզ չէ: Թուրքիան սատարել է Ադրբեջանին, սատարում է, և հուսով եմ, կսատարի նաև առաջիկայում: Սակայն, հավատացեք, մեր փոխարեն չի պատերազմի»,-ասել է Վասյակը, գրում է vesti.az-ը: