2 ապրիլի 2013 - 17:05 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Ովքեր խոսում են նժդեհականությունից, պետք է պատրանքաթափ լինեն

Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին դարձյալ հրավիրում է Ազատության հրապարակ: Այս անգամ Րաֆֆի Հովաննիսյանը Սերժ Սարգսյանին կսպասի ապրիլի 9-ին` վերջինի երդմնակալության արարողության օրը: Գյումրիում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ իր համալիր առաջարկները մնում են ուժի մեջ:

«Սա արդեն ճակատագրական, համազգային խնդիր է: Մեր պետության և ազգի ճակատագիրը որոշվում է այս մի շաբաթվա ընթացքում: Առանց իմ կոչի, բոլորս միասին պետք է գիատկցենք դա, այդ թվում և Սերժ Սարգսյանը: Ես պատրաստ եմ ցանցացած բանական առաջարկ լսել»,- ասաց նա:

Հարցին` ի՞նչ է լինելու երդմնակալությունից հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ճանապարհը որոշել է հայ ժողովուրդը: Մենք պետք է հարգենք ժողովրդի ընտրած ճանապարհը: Ովքեր խոսում են նժդեհականությունից, պետք է պատրանքաթափ լինեն»: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` ապրիլի 9-ը լինելու է ջրբաժանի օր, երբ ապագան հանձնվելու է քաղաքացիներին:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նշեց, որ ընտրակեղծիքները լիարժեքորեն չեն բացահայտվում: «Ճշմարտությունը հենց այդ տուփերի մեջ է: Եթե նրանք բացեն բոլոր տուփերը, ապա ճշմարտությունը ջրի երես դուրս կգա: Հարյուր հազարավոր ժողովրդի քվեարկությունը այդ տուփերի ճշմարտության մեջ է»,- ասաց նա։ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց երբեք չշահարկել Արցախի անունը ժողովրդին վախեցնելու համար: «Թող ոչ ոք չվախեցնի Արցախով: Ոչ ոք սպեկուլյացիայի չպետք է ենթարկի այն: Մի ամբողջ ազգ երբեք իր հայրենիքը չի զիջելու թշնամուն: Թող ոչ մեկը չքարոզի, որ Արցախը վտանգի տակ է: Հանկարծ այս պայքարի մեջ ոչ մի զինվոր չմտնի»,- ընդգծեց նա: