1 նոյեմբերի 2005 - 18:38 AMT
Մարսելում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի հայ երիտասարդության համաժողովը
Հոկտեմբերի 29-ին Մարսելում իր աշխատանքները սկսեց Եվրոպայի հայ երիտասարդության համաժողովը, որը կազմակերպվել էր «Ֆրանսահայ երիտասարդություն» (JAF ) միության 60-ամյակի շրջանակներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաժողովին, որին ուղերձ էին հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, ինչպես նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, մասնակցում էին պատվիրակություններ Եվրոպայի 12 երկրներից, Արգենտինայից, Ուրուգվայից, Թուրքիայից եւ Ռուսաստանից, եւ հատուկ հրավիրյալի կարգավիճակով` երիտասարդներ Հայաստանից: Ներկաների թվում էին Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի Գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան-Նոել Գերինին, պատգամավորներ, սենատորներ, քաղաքապետներ, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդները, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը` կոչ անելով երիտասարդներին լինել իրենց երկրների օրինակելի քաղաքացիներ եւ միաժամանակ սերտ կապեր պահել Մայր Հայրենիքի հետ, համախմբվելով Հայոց պետականության շոււրջ: