2 նոյեմբերի 2005 - 19:00 AMT
Թուրք պատմաբանը գաղտնի է պահում Հայոց ցեղասպանությունը «հերքող» փաստաթղթերի աղբյուրը
Հայոց ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիան արձանագրել է եւս մեկ «նվաճում»: Թուրք պատմաբան Թուրքկայ Աթաովը իբր «հայտնաբերել է» ավելի քան քառասուն փաստաթուղթ, որոնք «լավագույնս հերքում են» Հայոց ցեղասպանության իրողությունը: Աթաովը պնդում է, թե իբր Առաջին աշխարհամարտի ընթացքում «200 հազար հայեր դաշնակցել են արեւմտյան զորքերի հետ` թուրքական բանակի դեմ կռվելու համար»: «Իրաքում այսօր ընդամենը 65 հազար ամերիկյան զինվորներ կան, իսկ 200 հազարը շատ լուրջ թիվ է»,- հայտարարել է թուրք պատմաբանը: Աթաովը այս փաստաթղթերը ձեռք է բերել արտասահմանյան գրադարաններից եւ արխիվներից: Աթաովը նշել է, որ ինքը կարող է ասել այդ գրադարանների վայրը, սակայն վախենում է, որ «հայերը կփորձեն ոչնչացնել դրանք»: Թուրքկայ Աթաովը թուրքական բանակի կողմից հովանավորվող այն պատմաբաններից է, որոնց Հայոց ցեղասպանության ուրացման գործում մեծ դեր է վերապահված Թուրքիայում: