Կառավարության այսօրվա նիստում քննարկվել են բակալավրիատի, մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի համար առանձին մասնագիտությունների առումով պետպատվերով տեղերի բաշխման արդյունավետության հարցերը: Ինչպես ասաց կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետպատվերի ընդհանուր ծավալը չի կրճատվել և վերջին տարիներին մնում է նույն մակարդակում:
Բարձրագույն կրթության ոլորտում քաղաքականության տեսակետից ՀՀ իշխանությունները ղեկավարվում են առաջնային ճյուղերով, որոնք կարևոր են երկրի տնտեսության համար, ինչպես նաև խթանում են հայագիտության, մշակույթի ու արվեստի ուսուցումը: Ուշադրության կենտրոնում են նաև բանակում ծառայություն անցած երիտասարդները, որոնք մրցութային կարգով կարող են ընդունվել մագիստրատուրա պետպատվերի շրջանակներում:
Պետական քաղաքականությանը զուգահեռ շատ կարևոր է, որ մասնավոր հատվածը, որը հիմնական խաղացողն է աշխատաշուկայում, շահագրգռված լինի համագործակցելու կրթության համակարգի հետ: «Հարցն այստեղ միայն ֆինանսական աջակցությունը չէ»,-ասել է նախարարը: Խոսքն այն մասին է, որ որակյալ կադրերի պակաս ունենք ՏՏ ոլորտում, տեխնիկական և այլ ոլորտներում, ինչի վրա ուշադրությունը հրավիրեց վարչապետը՝ հորդորելով ընդլայնել պետպատվերը համապատասխան ֆակուլտետներում, լիովին ապահովելու համար այդ ոլորտում առկա պահանջարկը, որը վերջին տարիների երկնիշ աճ ունի:
Այսօրվա դրությամբ տնտեսական մասնագիտությունների համար պետպատվերի 3,5 անգամ կրճատման միտում կա, կրճատվել են նաև տեղերը մանկավարժական, իրավաբանական ու լեզվաբանական մասնագիտությունների համար: Փոխարենն ընդլայնվում են ՏՏ ոլորտը, մշակույթն ու արվեստը, որտեղ պետական աջակցության կարիք կա, քանի որ վերջին ոլորտում պահանջարկը զգալիորեն նվազել է: Բացի այդ, զգալիորեն ավելացել են տեղերը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, սննդի անվտանգության մասնագետների պատրաստման գծով:
Ամեն տարի Երևանի պետական տնտեսագիտական համալսարանն ընդունում է 1300 տնտեսագետների, որոնցից 1200 վճարովի հատվածում են սովորում, այն դեպքում երբ մյուս մասնագիտությունների տեղերը թափուր են մնում: Սակայն, խթանելու համար, որպեսզի դիմորդը գնա նաև այլ ֆակուլտետներ, որտեղ բավարար քանակի անվճար տեղեր կան, հնարավոր չէ ամբողջությամբ կրճատել վճարովի տեղերը բոլոր պահանջարկ ունեցող ֆակուլտետներում: ՀՀ Սահմանադրությունն երաշխավորում է կրթության իրավունք ցանկացած քաղաքացու համար, ուստի վճարովի տեղերի կտրուկ նվազումը սոցիալական հետևանքներ կունենա երիտասարդության շրջանում, ինչպես նաև կհանգեցնի դասախոսական կազմի զանգվածային կրճատման:
Պետք է նշել, որ ուսանողներ/դասախոսական կազմ ցուցանիշով Հայաստանի բուհերը երկու անգամ զիջում են միջին եվրոպական ցուցանիշին: Այսինքն, Հայաստանում 1 դասախոսին բաժին է ընկնում 2 անգամ ավելի քիչ ուսանող, քան միջինը Եվրոպայում: Ուստի, այդ ճանապարհով գնալու դեպքում հարկ կլիներ 30 տոկոսով կրճատել դասախոսական կազմը:
Ինչ վերաբերում է բուհերի մասնգիտացմանը, ապա, ըստ Աշոտյանի, Հայաստանը ժառանգել է մասնագիտությունների դասակարգիչը դեռ խորհրդային տարիներից: Տարիների ընթացքում այն փոփոխության է ենթարկվել, ելնելով ժամանակակից աշխարհի պահանջներից: Այսօր ձևավորված այդ «գիբրիդը» արմատական վերանայման կարիք ունի, ինչը չի արվել կրթության նախարարության կողմից, կրկին ելնելով անցանկալի սոցիալական հետևանքներից: Սակայն արդեն 2014թ. կրթության ու գիտության նախարարությունը մտադիր է ամբողջությամբ վերանայել գոյություն ունեցող մասնագիտությունների ցանկը և ներդաշնակեցնել այն ՅՈւՆԵՍԿՕ-ի դասակարգչին: