4 ապրիլի 2013 - 15:06 AMT
Ր.Հովհաննիսյանը` Ս.Սարգսյանին. Եթե Ձեր ձեռքը դրեցիք մեր Սուրբ գրքի վրա, ինձ հետ միասին գնալու եք դժոխք

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում հայտարարել է, որ իրեն նախագահություն պետք չէ, միևնույն ժամանակ նկատելով, որ ոչ էլ Սերժ Սարգսյանն է ապրիլի 9-ից լինելու նախագահ: «Ով կեղծեց երդումը Ավետարանի, Սահմանադրության վրա, մեղավորը ես եմ, սուրբը Դուք եղեք: Սերժ Սարգսյան, եթե դրեցիք Ձեր ձեռքը մեր Սուրբ գրքի վրա, ինձ հետ միասին գնալու եք դժոխք»,- ասել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ հայ ժողովրդին պետք չէ դժոխք, դիակ, հայ ժողովրդին պետք է արև, իրավունք, որն Ազատության հրապարկում երդում է տալու. «Ոչ թե իմ համար կամ Սերժի դեմ, այլ` Հայաստանի Հանրապետության, մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանը վանաձորցիներին կոչ է արել ապրիլի 9-ին գալ Ազատության հրապարակ. «Ես թաքուն, միայնակ չեմ երդվելու, բոլորս միասին ենք երդվելու: Մեր վերջին հնարավորությունն է, եկեք միասին երդվենք: Ապրիլի 9-ին Րաֆֆուց որևէ բան չսպասեք, ամեն բան մեր ձեռքում է, մեր բռունցքում»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կուսակցությունների ներկայացուցիչներին և առաջնորդներին ևս ապրիլի 9-ին հրավիրեց հրապարակ: «Կուսակցակռիվը, էժան խաղերն անցել են արդեն: Ժողովուրդը որոշել է: Պարոն Ծառուկյան, կամ մյուսներ, եթե Ձեզ համար թագավոր է Սերժը, ինձ համար թագավոր է օրենքը, Հայաստանի Հանրապետությունը և մեր երեխաների ապագան»: