5 նոյեմբերի 2005 - 12:49 AMT
Վ.Օսկանյանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի ժողովրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի ժողովրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Ընդ որում նա նշել է, որ աշխարհում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը կդիտարկվի քաղաքական հարթության վրա, ոչ թե պատմական կամ իրավական, թեեւ վերջերս ժողովրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը լուրջ քննարկման առարկա է դարձել միջազգային կառույցներում եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ հանդիսացող երկրներում: «Այստեղ որոշակի առաջընթաց կա: Համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի ժողովրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը: Անդրադառնալով Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ դրանց ազդեցությանը բանակցային գործընթացի վրա` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ «լուրջ ցնցումներն Ադրբեջանում, իշխանության թուլացումը, անկասկած, կազդեն բանակցային գործընթացի վրա: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կվերսկսվեն 2006 թվականին», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: