5 նոյեմբերի 2005 - 13:27 AMT
Վ.Օսկանյան. Իրանի նախագահի հայտարարությունն Իսրայելի մասին չի ազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա
Սահմանադրության հանրաքվեի տապալումը Հայաստանում հիասթափություն կառաջացնի եվրոպական շրջանակներում, որի արդյունքում կտուժի երկրի հեղինակությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: «Իհարկե, որեւէ պատժամիջոցներ մեր դեմ ոչ ոք չի կիրառի, սակայն միանշանակ է, որ կտուժի երկրի հեղինակությունը: Եվրոպան մեզնից ակնկալում է այդ փոփոխությունների կատարումը»,-հայտարարել է նախարարը: Այն հարցին, թե կազդի արդյոք հանրաքվեի տապալումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վրա, Հայաստանի արտգործնախարարության ղեկավարրը նշել է, որ եթե ընկնում է երկրի հեղինակությունը, նվազում է նաեւ նրա ազդեցությունը: «Սակայն ես չէի ցանկանա ուղղակի կապ տեսնել հանրաքվեի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջեւ»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Մեկնաբանելով Իրանի նախագահ Մոհամմադ Ահմադինեջադի հայտարարությունն այն մասին, թե «Իսրայելը պետք է ջնջել աշխարհի երեսից»` Վ.Օսկանյանը նշել է, որ հայտարարությունը չի ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Իրանի միջեւ ստեղծվել են բավական դրական հարաբերություններ` «լուրջ երկխոսություն է գնում բոլոր ոլորտներում, այդ թվում եւ քաղաքական»: Ինչպես ընդգծել է Վարդան Օսկանյանը, իսրայելական թեման «երբեք չի բարձրացվել հայ-իրանական քաղաքական երկխոսության օրակարգում»: «Կարծում եմ, որ ելնելով մեր բազմաթիվ շահերից, մեր հարաբերությունները հետագայում եւս կընթանան նորմալ հունով»,-ընդգծել է նախարարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: