5 ապրիլի 2013 - 13:45 AMT
Սոցիոլոգ. Ավագանու ընտրությանը ընդդիմադիրների միասնական դաշինքը կարող էր 55% քվե ապահովել

ՀՀ նախագահի ընտրությունների հետևանքները չեն ազդել ավագանու ընտրությունների վրա, կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ում ղեկավարած «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը ավագանու ընտրություններին ընդառաջ հերթական հարցումն է անցկացրել:

Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ եթե ընդդիմադիր կուսակցությունները հանդես գային միասնական դաշինքով, Երևանի ավագանու ընտրությանը շուրջ 55 տոկոս քվե կապահովեին: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ ընտրարշավի մեկնարկային պահին ուժերի հարաբերակցությունն օգուտ գործող քաղաքապետ, ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի է, ում պատրաստ են ձայն տալ հարցվածների 36,5 տոկոսը: Վարդան Օսկանյանի գլխավորած ԲՀԿ ցուցակի օգտին կքվեարկի հարցվածների 3,8 տոկոսը, նույնքան նաև՝ «Բարև, Երևան» դաշինքի օգտին: Հարցվածների 22,1 տոկոսն ասել է, որ դեռ չի կողմորոշվել:

«Եթե 54,3 տոկոս մասնակցության դեպքում չկողմնորոշված ձայները բաշխվեն Տարոն Մարգարյանի մրցակիցներին, ապա նա կստանա քվեների 45,1 տոկոսը: Ընտրարշավի թիրախը հենց այդ ձայներն են», - ասաց Ահարոն Ադիբեկյանը: