6 ապրիլի 2013 - 10:00 AMT
Հյուրանոցների որոկավորման ամենաբարձր` «Դելյուքս» աստիճանի համար պետտուրքը 1,5 մլն դրամ կլինի

Այսօրվանից ուժի մեջ են մտնում «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները: Դրանցով օրենքում լրացուցիչ ամրագրվել է, որ հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի` սպառողների համար դրսից տեսանելի հատվածում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտը ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում ներկայացնելիս ՀՀ կառավարության սահմանած ձևով և կարգով պետք է նշի հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը: Իր տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայացնելը կամ գովազդելն արգելված է:

Սահմանվում է նաև հյուրանոցների որակավորման նոր կարգ, ըստ որի դրանք կորակավորվեն հնգաթև աստղերով նշվող մեկից հինգաստղանի և հնգաթև աստղերով ու «Դելյուքս» գրառմամբ նշվող հինգաստղանի «Դելյուքս» որակավորման կարգերով: Մոթելները որակավորվելու են հնգաթև աստղերով նշվող մեկից հինգաստղանի, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները` մեկից չորսաստղանի որակավորման կարգերով: Հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային բնակատեղիները, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները` հռոմեական թվանշաններով նշվող երրորդից առաջին կարգի որակավորման կարգերով:

Միաժամանակ ուժի մեջ մտնող «Պետական տուրքի մասին» օրենքում ընդունված փոփոխությունների և լրացումների համաձայն` հինգ աստղ «Դելյուքս» որակավորման համար սահմանվել է տարեկան բազային տուրքի 1500-ապատիկի չափով (1,5 մլն դրամ) պետտուրք: