6 ապրիլի 2013 - 16:17 AMT
Գյուղնախարարը կարևորել է գերմանացիների ներդրումները Հայաստոնում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամասի Բերգստրասե տարածաշրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսին և նույն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերանին:

Կարապետյանը կարևորել է գերմանացի գործարարների Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը: Նա գոհունակությամբ է անդրադարձել Ֆերանի կողմից Հայաստանի գյուղատնտեսության մեջ կատարած ներդրումների փաստին:

«Դուք այսօր մեր խոշոր ֆերմերներից եք, ունեք պտղատու և խաղողի բավականին մեծ այգետարածքներ: Դա հիանալի է: Սակայն Հայաստանի գյուղատնտեսությունը ունի չօգտագործված մեծ ներուժ, և մենք ուրախ կլինենք գերմանացի այլ ներդրողների ևս ընդգրկելու այդ գործընթացներում»,- նշել է նախարարը:

Գերմանացիներն առաջարկել են Հեսսենի երկրամասում կազմակերպել Հայաստանի գյուղատնտեսությանը նվիրված միջազգային խորհրդաժողով և վերջինիս աշխատանքներին մասնակցելու համար Կարապետյանին հրավիրել իրենց երկրամաս:

«Ֆորումի նյութերն ու Հայաստանի գյուղատնտեսության մասին պատմող տեղեկատվությունը մենք կտեղադրենք տեղական կայքէջերում, նպաստելով Հայաստանի բարեկամների ավելացմանը»,- նշել է Ֆերանը:

Նախարարն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել Հայաստանում սննդի անվտանգության ժամանակակից լաբարատորիայի ստեղծմանն ու խոզաբուծական խոշոր համալիրի հիմնադրմանն օժանդակելու հնարավորությունը: