7 ապրիլի 2013 - 19:03 AMT
Վերաօծվեց Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Այսօր Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ վերաօծվեց Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին ապրիլի 6-ի երեկոյան նախորդեց դռնբացեքի արարողությունը:

Մերենիան գտնվում է Ախալքալաքից 15 կմ հյուսիս-արևելք: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, այն քարե կառույց է փայտյա տանիքով, բայց 1899-ի դեկտեմբերի 19-ի երկրաշարժի ժամանակ այն փլվում է: Բայց մի քանի տարվա ընթացքում այն նորից վերակառուցվում է:

Սբ. Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է՝ Մասիս Ամիրխանյանի, Արարատ Ղուշչյանի, Արարատ Ավագյանի, Ահարոն Ավագյանի, Համլետ Հարությունյանի և Զավեն Պոչիկյանի բարերարությամբ: Սրբազանը բարձր գնահատեց բարերարներին, փոխանցելով օրհնության գրեր և Աստվածաշունչ մատյաններ:

Սբ.Աստվածածին եկեղեցու օծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն, հայտնում են Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից: