8 ապրիլի 2013 - 20:02 AMT
Ուիլյամ Ուոլլես. Միացյալ Թագավորությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության կառավարության կուսակցական հարցերի համակարգող, Լորդերի պալատում արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների և կառավարության աշխատակազմի հարցերով կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլլեսին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտոնւմ են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարարությունից տեղեկացնում են, որ զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը կարևորեց վերջին շրջանում բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ լորդ Ուոլլեսը նշեց, որ գնալով աճում է Միացյալ Թագավորության հետաքրքրվածությունը Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու մեջ։

Նախարար Նալբանդյանն ու լորդ Ուոլլեսը արձանագրեցին երկուստեք շահագրգռվածությունը երկու երկրների միջև գործընկերության առավել խորացման և ընդլայնման վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ շրջանակներում ընթացող գործընթացները:

Զրուցակիցները անդրադարձան միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Այս առումով լորդ Ուոլլեսն ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին: