9 ապրիլի 2013 - 16:54 AMT
Արա Աբրահամյան. Եթե մենք թուլացնենք Սերժ Սարգսյանին, վաղը նա մեզ ավելի թույլ ձևով կներկայացնի

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով այսօր ներկա էր Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, կարծում է, որ պետք է քննադատել կառուցելու համար, փոխել, որ արդյունավետություն լինի:

«Պետք է հաշվի առնել նաև մեր տարածաշրջանային խնդիրները՝ մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ադրբեջանն առիթը բաց չի թողնում վարկաբեկելու Հայաստանին, վախեցնելու պատերազմով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։

Արա Աբրահամյանի խոսքով` չկա մի հայ, ով լավ վերաբերվի Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակին: Նա կարծում է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի անել այն, ինչը Սահմանադրության դաշտում է։

Ռուսաստանի հայերի միության նախագահը նկատեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀ ընտրված նախագահն է. «Եթե մենք թուլացնենք նրան, ապա վաղը նա ավելի թույլ ձևով մեզ կներկայացնի միջազգային ասպարեզում։ Դա վատ է բոլորիս համար և ուրախանալու ոչինչ չկա։ Ժողովրդի կողմից ընտրված և սիրված նախագահը վստահություն է միջազգային կառույցների կողմից, ուստի մենք պիտի համախմբվենք Սերժ Սարգսյանի շուրջը»: