9 ապրիլի 2013 - 21:54 AMT
Է. Նալբանդյան. Հայ-չինական համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ զարգանում է

Այսօր Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարի տեղակալ Գու Ճաոսիին, ով գլխավորում է ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցող Չինաստանի պատվիրակությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է և կարևորել է այն փաստը, որ հայ-չինական համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է՝ ներառելով նոր ոլորտներ:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի Նախագահի Չինաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում և արդյունքներն արդեն տեսանելի են։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանի զարգացմանը շարունակական օժանդակություն ցույց տալու համար: ՉԺՀ պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ Չինաստանը հատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:

Զրուցակիցները անդրադարձել են մի շարք բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացման և ընդլայնման վերաբերող հարցերի։ Այս առումով հատկապես առանձնացվել է արդյունաբերության, գյուղատնտեսության և գիտակրթական բնագավառները: