10 ապրիլի 2013 - 13:13 AMT
Սենոր Հասրաթյան. Երեկ գիշերն ադրբեջանական կողմն ակտիվացել է ու մոտ 100 անգամ խախտել հրադադարը

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին մի քանի օրերին հատկապես մեծացրել են հրապարակվող ապատեղեկատվության ծավալը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Պն մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա հերքեց նաև այսօր հրապարակված տեղեկությունը, թե հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների արդյունքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է վիրավորվել: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի օգնական Թեյմուր Աբդուլլայեվը հայտնել է, թե միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Ֆիզուլիի շրջանում: Վիրավորը 19 ամյա Ֆարհադ Շիխսաֆիեվ Շիխվելին է, վերքը ոտքի շրջանում է, վիճակ հոսպիտալում նորմալ է գնահատվում:

«Սա էլ հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունն է: Ղարաբաղյան կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել: Փոխարենը վերջին 3 օրերին ու հատկապես երեկ գիշերը շփման գծում ադրբեջանական կողմն է ակտիվացել` մոտ 100 անգամ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը», - ասաց Սենոր Հասրաթյանը: