10 ապրիլի 2013 - 14:01 AMT
Հայաստանն ու Սլովակիան ստորագրել են առողջապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակի հանդիպումը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ սլովակ գործընկերոջ այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը։ Նա կարևորեց, որ նախարար Լայչակին ուղեկցում է սլովակ գործարարների պատվիրակությունը և արդեն կայացել է գործարար համաժողով, ինչը կարևոր խթան կհանդիսանա առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման համար։

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ընդունելության համար՝ նախարար Լայչակն ընդգծեց, որ Սլովակիան ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և իր այցելության հիմնական նպատակը հենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։

Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, հումանիտար, և այլ ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակն անդրադարձան տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացմանը՝ որպես քաղաքական երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու կարևոր միջոցի: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության, այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սլովակիայի իշխանություններին՝ երկրի հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար և կարևորեց այն փաստը, որ Սլովակիան այն երկրների շարքում է, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը և հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերը: Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների։ Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը ստորագրեցին առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որին հետևեց համատեղ մամուլի ասուլիս։