10 ապրիլի 2013 - 16:28 AMT
Ռոբեր Կոպտաշը պահանջում է վերացնել Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը

«Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության վերաբերյալ իմ ու Ումիտ Քիվանչի գնահատականի պատճառով քրեական գործ կհարուցվի Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, սակայն հետաքննությունն արդեն իսկ անընդունելի է: Իրականում, ոչ թե մեր խոսքերն են հանցավոր, այլ 301 հոդվածը»,-գրել է «Ակոսի» գլխավոր խմբագիր Ռոբեր Կոպտաշը: Նա նշել է, որ նույնիսկ եթե նախարարությունը չարտոնի դատավարությունը, խնդիրը լուծում չի ստանա, պետք է վերացնել 301 հոդվածը:

Ըստ նրա, նա շատ լավ է հիշում հեռուստահաղորդման տեսագրման օրը՝ 2012թ. հունվարի 17-ը: Այդ օրը դատարանը հրապարակեց Դինքի սպանության գործով դատավճիռը: Կոպտաշը պատմեց, որ դատավճռի հրապարակումից 2 ժամ անց նրանք գնացին Haberturk-ի խմբագրություն, որտեղ էլ արտասանեցին այն բառերն, որոնք այդքան վիրավորել են «թուրք քաղաքացուն»:

«Ոչ մի թուրք դատավոր չի կարողանա հանգիստ խղճով դատել մեզ այդ խոսքերի հիման վրա»,-գրում է Կոպտաշը: