10 ապրիլի 2013 - 18:23 AMT
Մարաղայի կոտորածի անպատժելիությունը հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ հիվանդագին ատելության համար

ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 21-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը դարձավ Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության բռնի ճնշման քաղաքականության շարունակությունը, հարուստ է խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների աղաղակող փաստերով:

Ամենաողբերգական դրվագներից մեկն է հանդիսանում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածը, որն իրագործվել է 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից: Մարաղայի արյունահեղ դեպքերն, անկասկած, ռազմական հանցագործություն են, քանի որ գյուղի վրա հարձակումը պայմանավորված չի եղել ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել խաղաղ բնակչությունը:

Այդ օրը տևական հրետանային գնդակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են խաղաղ գյուղը և դաժան հաշվեհարդար տեսել նրա անպաշտպան բնակչության նկատմամբ, ինչը հետագայում հաստատվել է տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես, Human Rights Watch և Amnesty International կազմակերպությունների կողմից: Ըստ տարբեր տվյալների՝ Մարաղայում սպանվել է 53 – 100 մարդ և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին: Երկու շաբաթ անց գյուղը կրկին հարձակման է ենթարկվել և հարազատներին հուղարկավորելու նպատակով վերադարձած բնակիչները ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհ են դարձել:

Մարաղայում իրականացված հրեշավոր հանցագործությունը հերթական դրվագ դարձավ Հյուսիսային Արցախում, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերի և տեղահանությունների շարքում, որոնք նպատակ էին հետապնդում ահաբեկել մարդկանց և զրկել հայրենի հողում ապրելու հնարավորությունից:

Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչության ջարդերի և էթնիկ զտումների նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունն էր, որ ուղի հարթեց Մարաղա գյուղում ադրբեջանական բանակի կողմից ռազմական հանցագործության իրականացման համար:

Այդ հանցագործությունների անպատժելիությունը բարենպաստ հող է ստեղծել Ադրբեջանում հայերի և ողջ հայկականի նկատմամբ հիվանդագին ատելության արմատավորման, այլատյացության, անհանդուրժողականության և ռազմատենչության սանձարձակ քարոզչության համար:

Այդ արատավոր շրջանակը ճեղքելու և հետագայում նմանատիպ հանցագործությունների հնարավորությունը կանխելու նպատակով Մարաղայի կոտորածը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, իսկ նրա կազմակերպիչներն ու իրագործողները՝ պատժվեն, ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: