11 ապրիլի 2013 - 10:13 AMT
Ականազերծման դասընթացներ` ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում

Ապրիլի 2-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համակարգմամբ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում մեկնարկել է Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող ականազերծման դասընթացը:

Այն Հայաստանում ականազերծման ուղղությամբ իրականացվող ուսումնավարժական ծրագրի հերթական փուլն է: Դասընթացի առաջին շաբաթվա ընթացքում ներգրավվել են նախորդ փուլում (անցյալ տարվա սեպտեմբերին) պատրաստված ականազերծման հրահանգիչները` անցած դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները վերհիշելու և ամրապնդելու նպատկով: Դասընթացի երկրորդ շաբաթը նախատեսված է ականազերծողների համար և դասընթացի առաջին շաբաթվա մասնակիցները հանդես են գալիս որպես հրահանգիչներ և ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացնում են վարժանքը:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դասընթացներին ներգրավված են և վերապատրաստում են անցնում նաև ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետները: Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում անցկացվող նմանատիպ դասընթացները պարբերական բնույթ են կրում: